«Հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն». Սերժ Սարգսյանն` Էդմոն Մարուքյանին

168
17-04-2018 17:01

ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց, որ քննադատական ելույթները հաճախ արդար չեն, և ժամանակն ամեն ինչ ցույց կտա:

«Պատմությունն է տալու իրական գնահատականը»,- ասաց Ս.Սարգսյանը:

Անդրադառնալով երկիրը ղեկավարելու իր երրորդ ժամկետի մասին մեղադրանքներին` Ս.Սարգսյանը հայտարարեց, որ կարելի է նաև չորրորդ համարել` հաշվի առնելով իր նախկին վարչապետությունը:

Սակայն, ըստ նրա, կառավարման համակարգի փոփոխությունից հետո քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժի վարչապետին չի կարելի դիտարկել իշխանության շարունակություն կամ երրորդ ժամկետ. «Պարզից էլ պարզ է, որ մեր երկրում արդեն գոյություն չունի առանջնային մանդատով ընտրված ղեկավար»:

Ըստ նրա` ամբողջութամբ չի ընկալվել այն գաղափարը, որ որքան էլ մեծ լինեն վարչապետի լիազորությունները, այն անհամեմատելի է կիսանախագահական համակարգի նախագահի հետ թեկուզ հենց այն պատճառով, որ նախագահը երբեք քաղաքական պատասխանատվություն չի կրել ԱԺ առջև.

«Իմ ընտրվելու դեպքում սա լինելու է ոչ թե Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը, այլ պառլամենտական Հայաստանում ՀՀԿ-ի ղեկավարման առաջին ժամկետը: Չի՞ ընկալվում այս տարբերւթյունը քննադատողների կողմից: Վստահ եմ, որ ընկալվում է, բայց դե ժանրի կանոնն է` երբ ամեն ինչ հարթ է ընթանում, պետք է ինչ-որ բանի վրա կենտրոնանալ և անընդհատ, անընդհատ կրկնել: Բա հո ձեռքները ծալած չեն նստելո՞ւ»:

Ս.Սարգսյանը երկու շնորհակալություն հայտնեց Էդմոն Մարուքյանին. «Նախ` շնորհակալ եմ, որ դուք այս ամբիոնից շատ համոզեցուցիչ ապացուցեցիք, որ սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտություն էին:

Անկեղծ ասած` քաղաքական բառապաշարով դա անհնար էր ապացուցել, բայց երբ դուք ապացուցեցիք` ցույց տալով իմ նկարը, որ փառք Աստծո, այստեղ չկա, բոլորի համար պարզ դարձավ, որ այլևս չկա նկարի իշխանություն: Հասկանո՞ւմ եք, այսօր Հայաստանում չկա նկարի իշխանություն:

Կա քաղաքական ուժի իշխանություն: Եվ երկրորդ շնորհակալությունս կապված է ձեր բարի գալուստի հետ. շատ շնորհակալ եմ բարի գալուստի համար և, որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի մենք ապրենք բարգավաճ Հայաստանում, որպեսզի մենք ապրենք արդար Հայաստանում, որպեսզի մենք ապրենք օրենքի երկիր Հայաստանում, իրոք անհրաժեշտ է, որ Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան: Իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն: Շնորհակալ եմ»:

168
17-04-2018 17:01