«Մեկի քթից արյուն եկավ, ձեզ են մեղադրելու». Էդմոն Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանին

168
17-04-2018 15:18

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց, որ քննարկում են Սերժ Սարգսյանին երրորդ անգամ հանրապետության կառավարման ղեկը հանձնելու հարցը, որովհետև Սարգսյանն արդեն երկու անգամ եղել է այդ ղեկին:

Է.Մարուքյանը նկատեց, որ, թեև ինքը շատ է քննադատել սահմանադրական բարեփոխումները, սակայն դրանք մի լավ կետ ունեն` վերջապես 6  տարվա մեջ առաջին անգամ ԱԺ-ում է Սերժ Սարգսյանը, և կարելի է նրան հարցեր տալ, ելույթներ ունենալ. «Մենք այնպիսի կառավարման համակարգ ունենք Հայաստանում, որ ունենք ֆեյք պաշտոնյաներ, ֆեյք մարդիկ, ֆեյք ինստիտուտներ: Անգլերենից թարգմանելիս դա նշանակում է՝ կեղծ: Հիմա մենք կարող ենք թիվ մեկ պատասխանատուին ասել այն, ինչ կա, ինչ տեղի է ունենում: Որովհետև այնպիսի քաղաքական համակարգ է ձևավորված, պարոն Սարգսյան, որ ում ինչ ասում ենք, ասում է` ես կապ չունեմ, և ձեր նկարն է ցույց տալիս, ասում` իրեն ասեք: Էս ա էս երկրի քաղաքական համակարգը: Մենք խոսում ենք ռեֆորմների մասին: Ձեզ պետք է խնդրենք, որ էլ բարեփոխում չանեք, որովհետև ինչքան բարեփոխում եք արել, էնքան Հայաստանը ռեգրես է ապրել, ինչքան մենք փորձել ենք լավ բան անել, դուրս ա եկել վատ բան: Լավ բան չի ստացվում: Վերջին անգամ դուք «Հայլուր» հաղորդումը ե՞րբ եք նայել, էդ հաղորդումը ձեզ դուր ա գալի՞ս, պարոն Սարգսյան»:

Է.Մարուքյանի խոսքով` առողջապահության նախարարը մտածում է, թե ինչ անի, որ մարդկանց համար անհարմար լինի, տրանսպորտի նախարարը մտածում է, թե թիվ մեկ խնդիրն աջ ղեկն է. «Որտեղի՞ց եք դուք գտնում էդ մարդկանց: Ես ուղղակի ապշած եմ, թե ո՞նց կարելի ա հավաքել էսքան մարդիկ, որոնք չգիտեմ ինչով են զբաղված, բայց ոչ մի բանով, որ հուզում է Հայաստանի շարքային քաղաքացուն»:

Է.Մարուքյանը հայտարարեց, որ խնդիրն այն է, որ բոլորը գիտեն, որ Ս.Սարգսյանը ոչ մի բան չի փոխելու, շարունակելու է պահպանել այս համակարգն ու այդ մարդկանց, իսկ միակ տուժող մարդը Գալուստ Գրիգորիչն է: Նա նշեց, որ մարդիկ գիտեն, որ Ս.Սարգսյանը վարչապետ դառնալուց հետո արտգործնախարար է նշանակելու Է.Նալբանդյանին, մի մարդու, որը երկրի արտաքին քաղաքականությունը ձախողել է: Է.Մարուքյանը խոսեց Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու մասին, որ արդեն 10 տարի կառուցվում է, բայց միայն 30 կմ է կառուցվել, այն էլ բարվոք հատվածից է սկսվել շինարարությունը, իսկ տրանսպորտի նախարարն իր համար տվել է կառուցել. «Վարկը չկա, տները կան, սաղ հարուստ են ու երջանիկ, ճանապարհը չկա: Սենց պարզ հարցեր կան, ու պետք չի բարդ թվերից խոսել»:

Է.Մարուքյանի խոսքով` խորհրդարանում ոչ մի հարց չի լուծվում, բոլորը նայում են Սերժ Սարգսյանի նկարին. «Սա փակուղի է, պարոն Սարգսյան, և մենք եկել ենք ձեզ ասենք, որ մենք դեմ ենք ձեր պաշտոնավարման երրորդ ժամկետին: Մենք եկել ենք էստեղ առաջին անգամ օգտվելու էդ հնարավորությունից՝ ձեզ ասելու, թե ինչ ա երկրում կատարվում: Իմ տպավորութամբ` կա երկու աշխարհ, կա ձեր աշխարհը, և կա աշխարհ, որտեղ մենք ենք ապրում և գիտենք՝ ինչ ա տեղի ունենում: Ձեր աշխարհում դուք ձեզ շրջապատել եք մարդկանցով, ովքեր ձեզ չեն ասում՝ ինչ ա կատարվում»:

Է.Մարուքյանի կարծիքով` Հայաստանը հայտնվել է ճահիճում, դատավորները, քաղաքապետները մեկը մեկից «բեթար» են:

Անդրադառնալով Ս.Սարգսյանի կենսագրությանը` պատգամավորը նշեց, որ նա «ամագ» ունի, բայց պետք է լույս սփռել, որ այսօրվանից սկսվում է ուրիշ Սերժ Սարգսյանի կենսագրություն, որովհետև նախկինը նախագահ Սերժ Սարգսյանի կենսագրությունն էր, իսկ վարչապետ Սերժ Սարգսյանը չի ունենալու քավության նոխազ: Նա նշեց, որ այս պահին հազարավոր մարդիկ փողոցում են, իսկ ժամեր անց Սարգսյանը կդառնա ՀՀ վարչապետ նոր Սահմանադրությամբ, որով ոստիկանությունն ուղիղ ենթարկվում է վարչապետին. «Մեկի քթից արյուն եկավ, ձեզ են մեղադրելու: Պետք է ամեն ինչ անել, որ ուժ չկիրառվի խաղաղ ցուցարարների նկատմամբ: Մենք ուրիշ աշխարհից չենք, մենք իրական աշխարհից ենք»:

«Պարո՛ն Սարգսյան, բարի գալուստ լուսավոր Հայաստան: Դուք գալու եք էստեղ, ու մենք էդ հարցերը տալու ենք»,- ասաց Է. Մարուքյանը:

168
17-04-2018 15:18