«Քաղաքական հայացքների համար ՀՀ-ում որևէ մեկը երբեք քրեական հետապնդման չի ենթարկվել». Սերժ Սարգսյան

168
17-04-2018 14:22

«Իմ հարցերը չեն հետապնդում բոլորովին անձնական բնույթ, և դրանք ատելության, թշնամանքի կամ վրեժի ակտ չեն»,- այսօր ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին դիմեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Նա նշեց, որ անանուն հարցումները ցույց են տալիս, որ ընտրողները մտածում են, որ 2017 թ. քաղաքական մեծամասնությունը ձևավորվել է ընտրակաշառքով: Ա.Զեյնալյանը հարցադրում արեց, թե ինչպե՞ս է Ս.Սարգսյանը պատրաստվում ապահովել, որ մարդիկ հավատան ընտրությունների արդյունքներին, ընտրություններն արտացոլեն ժողովրդի կամքը, և ընդվզման տեղիք չտա, ինչպես ներկայումս է:

Նա նաև հետաքրքրվեց, թե Հայաստանում եղե՞լ են քաղաքական հետապնդումներ, քրեական գործերով կալանքների վրա ազդեցություն ունեցե՞լ է՝ որպես նախագահ, որովհետև 95% դեպքերում գործը շահում են քննիչները, իսկ այդ գործերով ՀՀ-ն պարտություն է կրում ՄԻԵԴ-ում: Ա.Զեյնալյանը նաև հարցրեց, թե արդյոք Ս.Սարգսյանը ստորագրե՞լ է նախագահական ամառանոցը սեփականության իրավունքով իրեն հանձնելու մասին որոշում:

Ս.Սարգսյանը չհամաձայնեց պնդումների հետ, որ ընտրությունները տեղի են ունեցել համատարած ընտրաձայներ գնելու միջոցով, և միջազգային կառույցներն օբյեկտիվորեն վկայում են, որ ընտրությունների արդյունքները ժողովրդի կամարտահայտությունն էր: Նա չբացառեց բարեգործության դեպքերը, բայց դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. «Ես ձեզ խոստանում եմ, որ կառավարության գործունեության բաղկացուցիչ մասն է լինելու՝ նաև մտածել այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն տա հօդս ցնդեցնելու նաև այն միֆը, որ համատարած բոլորը գնացել են քվեարկության միայն կաշառք ստանալով»:

Քաղաքական հայացքների համար ՀՀ-ում, ըստ Ս.Սարգսյանի, որևէ մեկը երբեք քրեական հետապնդման չի ենթարկվել, նույնիսկ շատ պարագաներում դատարանների կողմից քրեական հանցագործություն կատարողները մեղմ վերաբերմունքի են արժանացել:

Կալանքների մասով ՄԻԵԴ որոշումների վերաբերյալ Ս.Սարգսյանը նշեց, որ իրավազորությունը ճանաչվել է, և ՀՀ-ի կողմից որևէ չկատարված պարտավորություն չկա: Նրա խոսքով` նախնական կալանքի դեպքում մի քիչ շեղվել ենք եվրոպական չափանիշերից, բայց պետք է հաշվի առնել մեր պայմանները. «Ես չեմ կարծում, որ տոկոսներով և թվերով պետք է որոշենք դատական համակարգի արդյունավետությունը, այլ` որքանով են հիմնավորված այդ կալանքի որոշումները: Սա է էականը»:

Իրենց առանձնատուն հատկացնելու մասին օրենքը, Ս.Սարգսյանի խոսքով, ընդունվել է ԱԺ շենքում, և այդ օրենքից օգտվել է ոչ միայն ինքը, այլ նաև նախորդ երկու նախագահները. «Եթե օրենքով ինձ չի հասնում, կարող եմ ետ վերադարձնել, բայց եթե հասնում է, կարծում եմ, որ դուք պետք է շնորհավորեք, որովհետև բոլոր դեպքերում ես էլ ունեցա սեփական տուն Երևանում»:

Ա.Զեյնալյանը հակադարձեց, որ «Վիրաբյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով ՄԻԵԴ-ը ճանաչել է հետապնդման փաստը: Նա նշեց, որ անարդար կհամարի, եթե պաշտոնաթող նախագահին չտրամադրվի առանձնատուն, բայց խնդիրը կառավարական առանձնատնից այն ստանալն է:

«Բայց ի՞նչ տարբերություն՝ որ տնտեսությունից է: Ես բացարձակ տարբերություն չեմ տեսնում: Ընդհակառակը, եթե ես տեսնեի տարբերություն, ապա բնական է, որ կխնդրեի՝ այդտեղից չլիներ»,- ասաց Ս.Սարգսյանը` նկատելով, որ այս դեպքում պետության գործն էլ է հեշտանում, և առանձին պահպանություն պետք չի լինի:

168
17-04-2018 14:22