«Հավատացեք, մեր երկիրը շատ նորմալ առաջ է գնում». Սերժ Սարգսյան (ուղիղ)

168
17-04-2018 13:36

Այսօր ԱԺ հատուկ նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի ուշադրությունը հրավիրեց սոցիալ-տնտեսական անվտանգության, իրավական անվտանգության և ժողովրդագրական անվտանգության խնդիրներին:

«Հիմա եթե ձեր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում այս խնդիրները կան, մեզ և հասարակությանը հետաքրքրում է մի հիմնական հարցադրում` ո՞րն է այն ողջամիտ երաշխիքը, որ գերվարչապետական լիազորություններով օժտված լինելու դեպքում դուք կարողանալու եք հաջողություն արձանագրել վերը նշված ոլորտներում»,- հարցադրում արեց Գ.Պետրոսյանը:

Ս.Սարգսյանը պատասխանեց, թե չի կարող հայտարարել, որ տեսանելի ապագայում նշված բոլոր խնդիրներն իսպառ վերացվելու են, և մեր երկիրը նմանվելու է դրախտի: Նա նշեց, որ անվտանգությունը միայն արտաքին ուժերի կողմից նետված մարտահրավերների կանխումը չէ, այլ նաև տնտեսական, սոցիալական, քաղաքական անվտանգությունն է, և այլն: Ս.Սարգսյանի կարծիքով` այս խնդիրներն են նաև հանգեցրել սահմանադրական փոփոխություններին, և նոր Սահմանադրությունը թույլ է տալիս կառավարության ուժերը կենտրոնացնել դրանց վրա.

«Մեր արյունահոսող վերքն արտագաղթն է, որը թեև միայն Հայաստանին չէ բնորոշ, բնորոշ է նաև նախկին խորհրդային երկրներին, Արևելյան Եվրոպային, այլ նույնիսկ Արևմտյան Եվրոպային, և միգրացիոն պրոցեսները կան, ուղղակի մեր պարագայում, քանի որ մենք քիչ ենք, դա շատ ցավոտ է անդրադառնում: Բացի դրանից, փաստորեն, մեր ներուժը կարող է հասնել մի այնպիսի կետի, երբ բավարար չլինի նույնիսկ ապահովել մեր սահմանների անվտանգությունը: Սա կա և սա նաև մեր քաղաքական ու իրական հակառակորդների ցանկությունն է, նաև նրանց նպատակադրումն է»:

Ս.Սարգսյանը մի քանի կետերով ներկայացրեց, թե ինչի է հասել ՀՀ-ն այս 10-11 տարիների ընթացքում. ՀՆԱ-ն 10 տարում դրամով ավելացել է 2.1 անգամ, դոլարով` 1.8 անգամ, մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի աճը դրամով 2.2 անգամ է, առևտրային բանկերում ֆիզիկական անձանց դրամական ավանդներն ավելացել են 10 անգամ, որի ճնշող մեծամասնությունը միայն հարուստները չեն, 1 մլն ՀՀ քաղաքացի ունի ավանդ. «Սրանք թվեր են, որոնցից չենք կարող խուսափել»:

Գ.Պետրոսյանը կրկին հետաքրքրվեց, թե՝ եթե դա այդպես է` ինչո՞ւ է ավելանում արտագաղթը:

Ս.Սարգսյանը հորդորեց հավատալ իր հնչեցրած թվերին ու արտահայտություններին, որոնք Վիճակագրական ծառայության թվերն են: Իսկ թե ինչու է շարունակվում արտագաղթը, Ս.Սարգսյանի խոսքով, որովհետև այդ թվերը դեռևս չեն բերել այն հանգամանքին, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն իրենց կարողանան համարել բարեկեցիկ ապրողներ, նաև արտագաղթի բազմաթիվ պատճառներ կան, որոնց մասին բաց խոսելը մինչև վերջ նպատակահարմար չէ. «Ակնհայտ է, որ մեր երկխոսությունն այսօր լսում են ոչ միայն ՀՀ քաղաքացիները, ոչ միայն մեր բարեկամները, այլև մարդիկ, որոնք մշտապես ինչ-որ բաներ են փնտրում»:

«Կգա ժամանակը, կտեսնենք, մեր զավակները կտեսնեն: Հավատացեք, մեր երկիրը շատ նորմալ առաջ է գնում»,- հավելեց Ս.Սարգսյանը:

 

168
17-04-2018 13:36