«Հայտարարում եմ թավշյա հեղափոխության մեկնարկը». Նիկոլ Փաշինյան

168
17-04-2018 13:30

Հայաստանում հաստատված է հեղափոխական իրավիճակ, և ես հիմա այստեղ հայտարարում եմ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը: Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ազգային ժողովում արդեն իսկ սկսվել է այդ «խամաճիկային նիստը», իսկ հանրապետության տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում:

«Գյումրիում հազարավոր մարդիկ դուրս են եկել հրապարակ: Իջևանում զանգվածային դասադուլ է, և փակված է Իջևան-Երևան մայրուղին: Վանաձորում զանգվածային դասադուլ է: Երևանում դասադուլ է, և ճանապարհներ են արգելափակված: Կապանում և Մեծամորում դասադուլ է: Այսօր առավոտյան դպրոցական երեխաները շրջափակել են արտաքին գործերի նախարարի ավտոմեքենան: Ի՞նչ իրավիճակ է սա: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանում հաստատված է հեղափոխական իրավիճակ, և ես հիմա այստեղ հայտարարում եմ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց առավոտից տեղի ունեցած իրադարձությունները՝ նշելով, որ, եթե առավոտյան ճկուն չգտնվեին, հնարավոր է՝ հանրահավաքը չկայանար: «Եթե մենք ճկուն չգտնվեինք, այսօր մենք, հնարավոր է՝ ջախջախվեինք ոստիկանության կողմից»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ պետք է ճկուն գտնվել նաև հիմա.  «Մենք, հայտարարելով ժողովրդական հեղափոխություն, պետք է իրականացնենք ժողովրդական հեղափոխություն: Նրանք հիմա ամբողջ Հայաստանի ուժային կառույցները հավաքել են այնտեղ և մեզ սպասում են այնտեղ: Բայց մենք ուրիշ բան կանենք: Մենք հիմա երթով կշարժվեք մեր ուղղությամբ և գործողություններ կանենք մնացած բոլոր կառավարական շենքերի գործողությունը պարալիզացնելու ուղղությամբ: Այնտեղ, որտեղ կհաջողվի ներս մտնել, ներս կմտնենք, ներսում նստացույց կանենք: Այնտեղ, որտեղ չի հաջողվի ներս մտնել, նստացույց կանենք մուտքերի դիմաց, և ոչ մեկի թույլ չենք տա ներս մտնել, դուրս եկողներին՝ միայն մեզ միանալու պայմանով:

Երկու դիտարկում: Առաջին՝ մեր պայքարը շարունակում է լինել բաց ձեռքերի, ոչ բռնի պայքար: Մենք բացառում ենք մեր կողմից բռնության գործադրումը որևէ ոստիկանի, որևէ քաղաքացու, որևէ պաշտոնյայի նկատմամբ, բայց մենք պետք է պարալիզացնենք, կաթվածահար անենք ողջ պետական համակարգը, և իշխանությունը պետք է անցնի ժողովրդին: Կապ չունի՝ նրանք ինչ կանեն Սերժ Սարգսյանի հետ այն շենքում (նկատի ունի ՀՀ ԱԺ շենքը.- խմբ.): Այն շենքում կատարվողը այլևս չպիտի ազդեցություն ունենա Հայաստանի քաղաքական կյանքի վրա: Գյումրիի՛ ժողովուրդ, խաղաղ ճանապարհով գնացեք և շրջափակեք քաղաքապետարանի, մարզպետարանի, հարկային տեսչության, ոստիկանության, մնացած բոլոր գերատեսչությունների շենքերը: Այնտեղ, որտեղ կարող եք ներս մտնել, ներս մտեք, նստացույց արեք, որտեղ չեք կարող ներս մտնել, արգելափակեք բոլոր, բոլոր, բոլոր դռները: Գյուղերում մտեք գյուղապետարանների շենքերը, շրջափակեք գյուղապետարանների շենքերը, քաղաքներում՝ քաղաքապետարանների, պետական մյուս հիմնարկների, և ապակենտրոնացած այս պայքարում նրանք չեն կարող մեզ հաղթել:

Նրանք մեզ երեկ կարողացան դիմադրել՝ միայն բոլոր ուժերը կենտրոնացնելով: Մենք պետք է ցանցային պայքար սկսենք, և Սերժ Սարգսյանը պետք է տեսնի, որ ինքը չունի կառավարելու Հայաստան, որ ինքը չունի կառավարելու ժողովուրդ: Եվ ուրեմն ՝ կեցցե ժողովրդական, թավշյա հեղափոխությունը, կեցցե ՀՀ ժողովուրդը, կեցցե ազատությունը, կեցցե ՀՀ-ն»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե չի ասի՝ որ շենքն են առաջինը շրջափակելու. «Գնանք, ընթացքում ճամփին տեսնենք՝ ինչ հարմար շենք կա»:

Նրա խոսքով՝ սրանք խաղաղ, ոչ բռնի զանգվածային գործողություններ են, համանման գործողություններ թող իրականացվեն բոլոր քաղաքներում, իսկ Սերժ Սարգսյանն «իր մի քանի դեպուտատներին թող առավոտն էլ կառավարի, ցերեկն էլ, իրիկունն էլ, Սերժ Սարգսյանն այլևս չունի Հայաստան՝ կառավարելու համար»:

 

168
17-04-2018 13:30