«Մենք` ձեզ հետ միասին, մասնակիցն ենք նոր սկզբի». Սերժ Սարգսյան (ուղիղ)

168
17-04-2018 12:43

«Վերջին ամիսներին և օրերին մենք վկան և ականատեսն ենք բարեփոխված Սահմանադրության բովանդակությունն ու փիլիսոփայությունը կյանքի կոչելուն: Մենք` ձեզ հետ միասին, մասնակիցն ենք նոր սկզբի: Ինչպես ցանկացած նորի դեպքում, այստեղ ևս շատ կարևոր է, թե ինչ մեկնարկ է տրվում»,- այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացրած ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Նա համաձայնություն հայտնեց մասնագիտական շրջանակների կարծիքին, որ որևէ կառավարման ձև չի կարող կատարյալ լինել, և սահմանադրական նվազագույն չափորոշիչներին բավարարող կառավարման ձևը կարող է նպաստավոր լինել ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից, մինչդեռ ճիշտ չբալանսավորված կառավարման ձևը կարող է հանգեցնել իշխանության թևերի միջև հավասարակշռության խախտման, կոնֆլիկտայնության` դրանից բխող բացասական հետևանքներով: Ս.Սարգսյանի խոսքով` այսօր անցում ենք կատարում դեպի դինամիկ զարգացման նպատակադրում:

Ըստ նրա` անկախության առաջին տարիներին կառավարման նախագահական կամ կիսանախագահական ձևերն այլընտրանք չունեին, մինչդեռ պատմական զարգացման ներկա փուլում, որպես գերակայություն, շարունակում է մնալ հավասարակշռված, վերահսկելի ու պատասխանատու իշխանություն ունենալու խնդիրը, իշխանություն, որի յուրաքանչյուր ճյուղի ու օղակի պատասխանատվության շրջանակները համահունչ են, իսկ դա լավագույնս կարող է լուծվել հենց պառլամենտական կառավարման ձևի շրջանակներում:

Նա նշեց, որ պառլամենտական կառավարման համակարգում վարչապետը ոչ մի դեպքում չի կարող նույնացվել կիսանախագահական կառավարման մոդելի նախագահի հետ, քանի որ վարչապետն ամբողջ գործադիր իշխանության ղեկավարն է և մշտապես գտնվում է խորհրդարանական վերահսկողության ներքո և կարող է փոփոխվել քաղաքական դրդապատճառներով. «Այս տեսանկյունից խիստ կարևոր են խորհրդարանական փոքրամասնությանը վերապահված դերակատարությունն ու լիազորությունները: Կառավարման այս ձևի պայմաններում քաղաքական հիմնարար բաժանարար գիծը ոչ թե կառավարության ու խորհրդարանի, այլ քաղաքական մեծամասնության ու պառլամենտական փոքրամասնության միջև է»:

168
17-04-2018 12:43