Աբեն ժամանում է ԱՄՆ՝ քննարկելու ԿԺԴՀ-ի հետ կապված խնդիրները

168
17-04-2018 12:10

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ապրիլի 17-ին մեկնել է ԱՄՆ, որտեղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի երկու երկրների տնտեսական փոխգործակցությունը, հյուսիսկորեական խնդրի կարգավորման մեթոդները, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ի հատուկ ծառայությունների կողմից առեւանգված ճապոնացի քաղաքացիների խնդրի լուծմանն ամերկյան կողմի աջակցությունը ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի ընթացքում։

«ԿԺԴՀ-ին վերաբերող խնդրի եւ տնտեսական հարցերի առնչությամբ ես կցանկանայի հավաստել համագործակցությունը Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի միջեւ, ինչպես նաեւ ցուցադրել ճապոնա-ամերիկյան դաշինքի ամրությունը: Ես կցանկանայի վերահաստատել, որ ԿԺԴՀ-ի վրա կպահպանվի առավելագույն ճնշումը՝ միջուկային ու հրթիռային զենքից նրա հրաժարման նպատակով»,-ընդգծել է Աբեն ԱՄՆ թռիչքից առաջ կայացած մամուլի ասուլիսում, որը զետեղված է կառավարական կայքում: Ճապոնիայի վարչապետի այցն ԱՄՆ տեղի կունենա ապրիլի 17-19-ին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպումը կկայանա Ֆլորիդայում: Երկու երկրների ղեկավարները նաեւ պլանավորում են գոլֆ խաղալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

168
17-04-2018 12:10