«Գնահատականը կտա պատմությունը». Վահրամ Բաղդասարյան

168
17-04-2018 12:24

«Այսօր իսկապես պատմական օր է, պատմական պահ: Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին իրականացված տնտեսական ու քաղաքական բարեփոխումների շարքում կարևոր տեղ ունեն կառավարման համակարգի բարեփոխումները`  կառավարման կիսանախագահական համակարգից՝ խորհրդարանականի անցումը: Մեզ այդ անցման համար մնում է մի բան անել`  ընտրել վարչապետ»,- այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` ներկայացնելով ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի առաջադրած վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին:

Ըստ նրա` երկրում բարեփոխումները կարող է իրականացնել այն մարդը, ով ունի պետականաշինության ու պետական կառավարման հարուստ փորձ, որոշումներ կայացնելու վճռականություն և նաև միջազգային հեղինակություն: Վ.Բաղդասարյանի խոսքով` մեր հայրենիքը, որի սահմաններին դեռ հնչում են կրակոցներ, կարիք ունի մի մարդու, ով իր վարած քաղաքականությամբ, իր սառնասրտությամբ, իր ճշգրիտ քայլերով և բաց երկխոսությամբ՝ կարողանում է կառավարման մեծ թիմ առաջնորդել և դիմագրավել մարտահրավերներին. «Այդպիսին է մեր թեկնածուն` Սերժ Ազատի Սարգսյանը»:

Վ.Բաղդասարյանը նշեց, որ գնահատականը կտա պատմությունը: Ըստ նրա`  անուրանալի է Սերժ Սարգսյանի դերն Արցախյան ազատամարտում, երկրի համար ամենաբարդ տարիներին Ս.Սարգսյանը ստանձնել է ամենապատասխանատու պաշտոններից մեկը` ՀՀ պաշտպանության ապահովումը, և նրա կենսագրությունից հասկանալի է, որ նա նվիրվել է հայրենիքի պաշտպանությանը, 2007-ին ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը, և դա տնտեսության որակական թռիչքի տարի էր, իսկ 2008-ին ընտրվեց և 2013-ին վերընտրվեց ՀՀ նախագահ:

Վ.Բաղդասարյանը նշեց, որ այս տարիներին երկրի պետականության խարխլման փորձեր են արվել, եղել է ապրիլյան պատերազմը, շատերը քննադատել են նրա վարած քաղաքականությունը, բայց ժամանակն ապացուցեց այդ քննադատությունների հիմնազուրկ լինելը:

168
17-04-2018 12:24