«Եթե փորձ անեն պատնեշը հաղթահարելու, ուժային կառույցներն իրենց գործը պետք է կատարեն». Աղվան Վարդանյան

168
17-04-2018 12:30

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում դրսում կանգնած քաղաքացիներին և ուժային կառույցներին հորդորեց, որ երկուստեք խոհեմություն հանդես բերեն և թույլ չտան բախումներ:

Հարցին` հնարավո՞ր է՝ պատգամավորները կենդանի պատ կազմեն՝ ինչպես «էլեկտրիկ Երևանի» ժամանակ, Ա. Վարդանյանը պատասխանեց, որ այս պահին հնարավոր չէ, որովհետև պատգամավորները պետք է իրենց գործառույթն իրականացնեն:

Ա. Վարդանյանի խոսքով՝ նման լարված իրավիճակը յուրաքանչյուրին է անհանգստացնում.

«Երկկողմանի է, բնական է, եթե փորձ անեն պատնեշը հաղթահարելու, ուժային կառույցներն իրենց գործը պետք է կատարեն, սա երկու կողմի խնդիրն է: Փառք Աստծո, Նիկոլ Փաշինյանն առնվազն հայտարարությունների միջոցով ամեն ինչ անում է, որ բախումներ չլինեն, խաղաղ ցույցերն անցնեն, բայց երբ հազարավոր մարդիկ են, կարող է կայծից բոց բորբոքվել»:

168
17-04-2018 12:30