Կիպրոսի նախագահը պատրաստ է վերսկսել բանակցությունները կիպրական կարգավորման շուրջ

168
17-04-2018 12:33

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը կիպրաթուրքերի առաջնորդ Մուստաֆա Աքընջիի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունները վերսկսել այն կետից, որտեղ դրանք ընդհատվել էին։

Ապրիլի 16-ի երեկոյան երկու համայնքների ղեկավարները հանդիպում են ունեցել ոչ պաշտոնական ընթրիքի շուրջ, դա նրանց առաջին հանդիպումն էր 2017 թվականի հուլիսին Կրան-Մոնտանում կիպրական խնդրի կարգավորմանը նվիրված խորհրդաժողովի ձախողումից հետո:

Նախագահական պալատում հանդես գալով հայտարարությամբ՝ Անաստասիադիսը հայտարարել է, որ երկժամյա հանդիպում է տեղի ունեցել դեմ առ դեմ, այնուհետեւ իրենց միացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Կիպրոսի խնդրով հատուկ ներկայացուցիչ Էլիզաբեթ Սպեհարը:

«Մուստաֆա Աքընջիի հետ այսօրվա հանդիպմանը մենք անկեղծորեն քննարկեցինք գոյություն ունեցող խնդիրները, ինչպես նաեւ նոր երկխոսության հեռանկարները: Մենք արձանագրեցինք առկա տարաձայնությունները: Ես կրկնեցի, որ մեր կողմից մենք պատրաստ ենք բանակցությունները վերսկսել այնտեղից, որտեղ դրանք 2017 թվականի հուլիսին ընդհատվել են Կրան-Մոնտանում»,-ասել է Անաստասիադիսը: Նրա խոսքով՝ ոչինչ բացառված չէ: Նախագահը նշել է, որ կողմերը վերահաստատել են իրենց դիրքորոշումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

168
17-04-2018 12:33