Արամ Սարգսյանը չի բացառել Փաշինյանի մասնակցությունը վարչապետի ընտրության ԱԺ հատուկ նիստին

168
17-04-2018 11:56

ԱԺ պատգամավորներից շատերն արդեն ժամանել են Ազգային ժողով, որտեղ ժամը 12:00-ին կմեկնարկի հատուկ նիստը, որի ժամանակ քննարկվելու է ՀՀ վարչապետի ընտրության հարցը: 168.am-ի տեղեկություններով ԱԺ Հանրապետական խմբակցության և այլ խմբակցությունների բազմաթիվ պատգամավորներ Ազգային ժողով են գնացել վաղ առավոտյան ժամը 06:00-ից:

Մտնելով ԱԺ շենք «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նիստին և Սերժ Սարգսյանի ելույթին պատրաստվում է հետևել իր աշխատասենյակից։ Նաև ավելացրել է, որ ելույթների ժամանակ կգա նիստերի դահլիճ և ելույթ կունենա, մինչդեռ հարցեր չի պատրաստվում ուղղել։

Լրագրողների հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ Ն.Փաշինյանը ևս մասնակցի նիստին, Ա.Սարգսյանը նշել է, որ չի բացառում։ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կասկածներ է հայտնել, որ ՀՀԿ խմբակցության պատագմավորները գիշերն են եկել Ազգային ժողով։

«Թե գիշերն են եկել, թե ոնց են եկել, բայց բոլորն Ազգային ժողովում են»,- լրագրողներին ասել է Էդմոն Մարուքյանը՝ ավելացնելով, որ իրենք կմասնակցեն վարչապետի քվեարկությանը ու անպայման դեմ կքվեարկեն. «Չի կարելի թույլ տալ, որ Սերժ Սարգսյանն այստեղ ընտրվի, ոնց որ Հյուսիսային Կորեայում է ընտրվում», – նշել է նա։

Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է Սերժ Սարգսյանը չմասնակցի այսօրվա նիստին, նա պատասխանել է. «Կարծում եմ, որ չմասնակցելը Սերժ Սարգսյանի ամենասիրած բանն է, ոնց ա Ծաղկաձորում ընտրվել ու ընդհանրապես ոչ մեկ իրան բան չի ասել ու ընդհանրապես ամեն ինչ լավ ա, մենք եկել ենք, որ ընդհանրապես ամեն ինչ լավ չլինի այստեղ»։

Ի դեպ, դեպի Ազգային ժողով տանող ճանապարհներն այս պահին փակ են։ Իսկ Պռոշյան փողոցի հատվածից փողոցը փակ է փշալարերով։

168
17-04-2018 11:56