Փորձագետներն ու միջազգային մամուլը` երևանյան դրամատիկ իրադարձությունների և դրանց հաջողության մասին

168
17-04-2018 11:23

Միջազգային քաղաքական վերլուծաբանները, որոնք քիչ թե շատ հետևում են մարտի 31-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը» նախաձեռնությանը, որն այսօր անցում կատարեց ակտիվ անհնազանդության գործողությունների, ուղղված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` հնարավոր վարչապետության դեմ, թերահավատ են Փաշինյանի նախաձեռնած պայքարի արդյունավետությանը:

Ավելին, հայաստանյան ներքին և արտաքին քաղաքականությամբ զբաղվող արևմտյան, ռուսական փորձագետների մեծամասնությունը ինչպես նաև միջազգային մամուլը, մինչ Երևանի սրտում` Բաղրամյան պողոտայում ծավալված բախումներն առանձնապես տեղյակ չէր երևանյան զարգացումներից: Նախօրեին, հատկապես կեսօրից հետո, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունները լուսաբանեցին արևմտյան և ռուսական առաջատար լրատվամիջոցները` The Washington Post, BBC, Guardian, Deutsche Welle, «ԺՏՋՊՖ» ռուսական ընդդիմադիր առցանց հեռուստատեսությունը և ռուսական բոլոր հեղինակավոր ԶԼՄ-ները: Ավելին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր թվիթերյան էջի միջոցով Երևանում ՌԴ քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել մարդկանց զանգվածային կուտակումների վայրերից:

«Ընդդիմությունը բողոքի ակցիաներ է անցկացնում Երևանում… ցուցարարները փակել են մի շարք փողոցներ: Խորհուրդ է տրվում խուսափել մարդկանց զանգվածային կուտակման վայրերից»,- ասվում է ՌԴ ԱԳՆ Իրավիճակային ճգնաժամային կենտրոնի դեպարտամենտի հաղորդագրության մեջ:

«168 Ժամի» հետ զրույցում ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, վերլուծաբան Մոդեստ Կոլերովը, ով այս օրերին հետևում է Երևանի կենտրոնում զարգացող դրամատիկ իրադարձություններին, այն կարծիքին է, որ Փաշինյանը և նման ուժերը կարող են հաղթանակ ունենալ միայն այն դեպքում, երբ նրանք ունենան միլիոնավոր աջակիցներ: Այնինչ, ըստ Կոլերովի, Փաշինյանը և Հայաստանի ոչ մի այլ ընդդիմադիր ուժ չունի նման աջակցություն:

«Այո, գուցե այսօր տասն անգամ ավելի շատ մարդ է մասնակցել ծավալված ակցիաներին և հանրահավաքին, բայց հաղթելու համար միլիոններ են անհրաժեշտ, իսկ նրանք միլիոնների աջակիցներ չունեն։ Այսքանը»,- ասաց Կոլերովը։ Խոսելով ուկրաինական Մայդանի ընթացքում ծավալված գործողություններից, անհնազանդության դրսևորումներից՝ Մոդեստ Կոլերովն ասաց, որ ուկրաինական օրինակի էությունը կայանում է նրանում, որ Մայդանը զարգանում էր այն հրապարակում, որը ուղիղ կերպով կապված չէր քաղաքային կոմունիկացիաների հետ, ոչ տրանսպորտի տեղաշարժի հետ։

«Մայդանը զարգանում էր փակուղային հրապարակում՝ Կիևի կենտրոնում, Մայդանն այնտեղ կարող էր շարունակվել թեկուզ 100 տարի, և ոչինչ դա չէր փոխում քաղաքային կյանքում։ Հենց ընդդիմությունը կոչ կանի Երևանի բոլոր բնակիչներին՝ դադարեցնել օգտվել ջրից, դադարել գնել հաց, դադարել օգտվել գումարից, դա կլինի լուրջ, իսկ սա ի՞նչ է, ո՞ւմ են նրանք վատություն անում»,- ասաց Կոլերովը, հավելելով, որ նման բանուկ հատվածներում նման զանգվածային բողոքի միջոցառումները կաթվածահար են անում քաղաքային կյանքը, ուստի չեն կարող երկար շարունակվել:

Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը մեզ հետ զրույցում նշեց, որ մոտիկից չի հետևում իրադարձություններին, ավելին՝ միջազգային մամուլում այդ իրադարձություններն ակտիվորեն չեն լուսաբանվում: Սակայն, ըստ նրա, նման ակցիաները և քայլերը խոսում են երկրում առկա խնդիրների, ինստիտուցիոնալ պայքարի գործիքների անարդյունավետության կամ այն մասին, որ որոշ գործիչներ կամ հասարակության հատվածներ այդ պայքարը նպատակահարմար չեն համարում: «Այնուամենայնիվ, փողոցային պայքարը, այն էլ՝ քաղաքի կյանքի ապակայունացումը` գործադուլը, դասադուլը, տրանսպորտի գործունեության խոչընդոտումը, ծայրահեղ միջոց է միշտ, որից պետք է հնարավորինս խուսափել, իսկ եթե չեն կարողանում խուսափել, ապա պետք է փորձել խուսափել բախումներից: Նման ակցիաները և նման միջոցների գործադրմամբ պայքարը կարող է արդյունքների բերել, եթե հասարակության մեծ մասը լինի փողոցում, իսկ եթե սա մի քանի հարյուր մարդկանց նախաձեռնություն է, ապա նման դեպքերում սովորաբար և անհրաժեշտաբար իշխանությունը միջոցներ է ձեռնարկում երկրի մյուս քաղաքացիների բնականոն կյանքը վերադարձնելու համար»,- ասաց Ռարը:

Ըստ նրա, դժվար է ասել, թե ինչ արդյունք կտան երևանյան զարգացումները, քանի որ ընթացքից է շատ բան կախված: «Այնուամենայնիվ, կարծում եմ` վարչապետը կընտրվի և կլինի նախորդ նախագահը, որից հետո գուցե այս տրամադրությունները մեղմվեն»,- նկատեց Ալեքսանդր Ռարը:

Ռուս հրապարակախոս, քաղաքագետ, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը նախօրեին Երևանում էր, ով մեզ հետ զրույցում ասաց, որ մի կողմից՝ ցանկացած բողոքի ակցիա ժողովրդավարական հասարակության բաղկացույցիչ մասն է, դա այն է, ինչին պետք է համակերպվել: Նրա գնահատմամբ, այնքան էլ վատ չէ, որ մարդիկ հնարավորություն ունեն արտահայտել իրենց դժգոհությունը, դիրքորոշումը բողոքի ակցիայի միջոցով: «Բայց ես ականատեսն եմ այն ամենին, ինչը կատարվում է: Ակցիաներից մեկը ծավալվում է այն հյուրանոցի մոտ, որտեղ այս օրերին ես եմ, փակվել է Կոնյակի գործարանի դիմաց գտնվող կամուրջը: Այս ամենին մասնակցում է մոտավորապես 600-700 մարդ, որոնք շարժվում են քաղաքով և փակում կարևոր պողոտաները: Բայց, անկեղծ ասած, տեսնելով վարորդների արձագանքները, որոնք ստիպված էին երկրորդ գծից շրջվել կամ կանգնել խցանումներում, կարող եմ ասել, որ սա կարող է հարուցել քաղաքացիների դժգոհությունը»,- ասաց Դվորնիկովը:

Ռուս հրապարակախոսը վստահ չէ, որ այս ակցիաները քաղաքական փոփոխությունների կամ որոշումների փոփոխության են հանգեցնելու: Ավելին, ըստ Դվորնիկովի, այսկերպ հնարավոր չէ աջակիցներին «շուռ տալ» մի գաղափարախոսությունից դեպի մյուսը: Նրա խոսքով, սա սեփական գոյության ցուցադրում է, դեմոնստրացիա, որ նման դիրքորոշում կա: «Բայց այն անձինք, ովքեր իրենց համոզմունքներն ունեն, շարունակելու են ունենալ նույն այդ համոզմունքները: Քիչ հավանական է, որ փողոցներ փակելու միջոցով հնարավոր լինի ստիպել մարդկանց փոխել իրենց ներքին գաղափարախոսությունը: Բայց ցանկանում եմ ընդգծել, որ այս ամենին պետք է վերաբերվել համբերատար կերպով, ըմբռնումով, գիտակցաբար, քանի որ ավելի վատ է, երբ մարդիկ չունեն հնարավորություն իրենց դժգոհությունն արտահայտելու համար, երբ մարդիկ ստիպված են կուտակել այդ ամենը իրենց ներսում, և այդ ժամանակ իսկապես դա կարող է հանգեցնել լուրջ սոցիալական բռնկման: Հաճելի է տեսնել, որ Հայաստանը հանձնառու է իր պատմական ժողովրդավարական ուղուն: Դա ճիշտ է: Ականատեսն եմ, որ իրենց բավականին կոռեկտ են դրսևորում իրավապահ մարմինների ներկայացուցիչները, նրանք հետևում են հասարակական կարգին, բայց չեն ճնշում բողոքի ակցիա իրականացնողներին»,- նման կարծիք հայտնեց Դվորնիկովը:

Անվտանգության և քաղաքական հարցերով մասնագիտացած ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ հայկական ընդդիմության գլխավոր խնդիրն այն է, որ չկան հզոր առաջնորդներ, հակառակ դեպքում ընդդիմությունն արդեն հասած կլիներ իր նպատակներին, քանի որ հայաստանյան հասարակության և բնակչության վերաբերմունքն իշխանության նկատմամբ չի կարելի համարել, մեղմ ասած, չափազանց հարգալից: Պարզապես, ըստ ռուս քաղաքագետի, հասարակությունը դեռ չի տեսնում այն դերակատարներին, որոնք կարող էին ինչ-որ բանի լրջորեն հավակնել:

«Նախօրեի բողոքի ցույցերը, ամենայն հավանականությամբ, ինչ-որ առումով նախորդից ավելի մարդաշատ էին կամ ընդհակառակը՝ այդ բոլոր ցույցերը կառուցվում են և ընթանում համարյա նույն սցենարով: Փաշինյանին և իր աջակիցներին չհաջողվեց խուսափել Ոստիկանության հետ բախումներից, թեև նա ձգտում էր մնալ խաղաղ ձևաչափում:

Ամեն դեպքում, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը հասարակության մտածելակերպի և իշխանության նկատմամբ իր վերաբերմունքի առումով ակնհայտորեն տարբերվում է Ռուսաստանից, Ղազախստանից կամ Բելառուսից, պետք չէ անլուրջ վերաբերվել Հայաստանում մոտ ապագայում հնարավոր քաղաքական իրադարձությունների հեռանկարին:

Աշխարհաքաղաքականությունն իր բացասական ազդեցությամբ շարունակելու է ճնշել Հայաստանին ավելի ու ավելի ուժեղ, և այդ իրավիճակը հրահրելու է նոր բողոքի ակցիաներ: Ուստի ՀՀԿ-ն չպետք է բավարարվի այն փաստով, որ մոտավորապես իրագործել է` պլյուս-մինուս, իշխանության փոխանցման նույն սցենարը, որը տեղի է ունեցել իմ կողմից նշված երկրներում»,- ասաց Տրոֆիմչուկը:

Խոսելով իշխող կուսակցության ծրագրերից` ռուս քաղաքական վերլուծաբանն ասաց, որ իշխող կուսակցությունը դեռ չի տեսնում իր համար խնդիրներ, քանի որ Հայաստանը սովոր է մասսայական հանրահավաքների, որոնք չեն համարվում ինչ-որ արտակարգ երևույթ: Երևի թե Սերժ Սարգսյանի ու իր կողմնակիցների համար, նրա խոսքով, դա նույնիսկ լավ է, քանի որ ողջ աշխարհին ակնհայտ ժողովրդավարություն են ցուցադրում, երբ յուրաքանչյուրը կարող է իր կարծիքն արտահայտել: «Եթե ընդդիմությունը ցանկանում էր Սարգսյանի և ՀՀԿ-ի համար լուրջ խնդիրներ ստեղծել, ապա պետք էր այդ խնդիրները ստեղծել ավելի վաղ, երբ օրենքներ էին ընդունվում իշխանության կառուցվածքի վերաբերյալ: Իսկ ներկայումս իշխող կուսակցության համար ամեն բան ավելի հեշտ է:»,- նման կարծիք հայտնեց Գրիգորի Տրոֆիմչուկը:

Անդրադառնալով Մոսկվայի վերաբերմունքին` ռուս քաղաքագետն ասաց, որ Մոսկվայում Հայաստանի ընթացիկ իրադարձություններին մեծ ուշադրություն չեն հատկացնում, բացառությամբ փորձագիտական հանրության մի մասի, որը միշտ տեղյակ է հայաստանյան թեմատիկայից, ռուսաստանյան տեղեկատվական դաշտում այս թեման չկա:

«Մեծ հաշվով, Մոսկվան այն գծի կողմնակիցն է, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, նկատի ունենալով Սերժ Սարգսյանի և իշխանության այլ ներկայացուցիչների կողմից իշխանական լծակների պահպանումը: Հայաստանի ներքաղաքական կյանքում ցանկացած կտրուկ փոփոխություն ավտոմատ կերպով կանդրադառնա ստրատեգիական խնդիրների ողջ համակարգի վրա` Հայաստանում Արևմուտքի ազդեցության ընդլայնում, փոփոխություն ԵՄ-ԵԱՏՄ դաշտում, այսինքն՝ Ռուսաստանին մոտ անկայունության մեկ այլ օջախի թեժացում:

Մոսկվային ձեռնտու է այս երկրում համակարգային անվտանգությունը, այդ թվում՝ ուղիղ կերպով Գյումրիում ՌԴ ռազմական բազայի հետ կապված, ինչպես արդեն ասացի, որը ոչ մի կերպ չի հեռանում հայաստանյան ընդդիմության տեսադաշտից, և այս ուղղությամբ ճնշումը մշտապես ուժեղանում է: Քանի որ ցանկացած ապակայունացում, նույնիսկ այն դեպքում, երբ ընդդիմադիրները հրապարակային կերպով հայտարարեն, որ նրանք բացարձակ դեմ չեն Ռուսաստանին, կարող է ցնցել ամեն ինչ»,- ասաց ռուս քաղաքագետը:

Մոդեստ Կոլերովը ևս այն կարծիքին է, որ Մոսկվան երևանյան իրադարձություններին պարզապես հետևողի դերում է և որևէ կարծիք ունենալ չի կարող: Ավելին, ըստ նրա, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության հարցին ևս Մոսկվան հետևում է կողքից և իշխող կուսակցության որոշումներում որևէ մասնակցություն չունի:

 

 

168
17-04-2018 11:23