Լարված իրավիճակ Աթենքի փողոցում. մի խումբ ցուցարարներ փորձում էին փակել փողոցը

168
17-04-2018 01:10

«Իմ քայլը» նախաձեռնության մի խումբ անդամներ փորձեցին փակել Երևանի կոնյակի գործարանին հարող Աթենքի փողոցը: Նրանք շուրջ 20 րոպե փակ պահեցին փողոցը, ինչն առաջացրեց վարորդների դժգոհությունը: Վարորդներից մեկի և ցուցարարների միջև վիճաբանություն սկսվեց, ինչից հետո ոստիկանությունը միջամտեց և ցուցարարների հեռացրեց ճանապարհի բանուկ հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը:

Այնուհետև ցուցարարները, մի փոքր վերև բարձրանալով, կրկին փակեցին փողոցը: Ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկ սկսվեց, որոշ ժամանակ լարված իրավիճակ էր: Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց կրկին վերականգնել փողոցի երթևեկությունը՝ շղթայի մեջ վերցնելով ցուցարարներին:

Որոշ ժամանակ անց ցուցարարներից մեկը հայտարարեց, որ երթով շարժվում են Ֆրանսիայի հրապարակ, քանի որ այնտեղ իրենց ընկերները իրենց օգնության կարիքն ունեն:

Ապրիլի 13-ից Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակը: Իսկ Ապրիլի 16-ի վաղ առավոտից դադարեցված էր երթևեկությունը քաղաքի մի շարք այլ բանուկ փողոցներում ևս: Մասնավորապես, երթևեկը կաթվածահար էր եղել Բաղրամյան-Մոսկովյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկներում, Հերացու՝ դեպի Նոր Նորք բարձրացող հատվածում, Ֆրանսիայի հրապարակում: Փողոցներում ցուցարարները տեղադրել էին նստարաններ, աղբամաններ՝ դրանք հանելով իրենց համար նախատեսված տեղերից: Ապրիլի 16-ի երեկոյան ցուցարարները շարժվեցին Բաղրամյան պողոտա, փորձում էին ճեղքել ոստիկանական պատն ու առաջ շարժվել, սակայն ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ու հետ մղեց ցուցարարներին: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում ևս մեկ հանրահավաք անցկացրեց, որում ներկայացրեց հետագա գործողությունները:

168
17-04-2018 01:10