Հնդկաստանից յոթնամյա ալպինիստը բարձրացել է Կիլիմանջարո լեռը

168
17-04-2018 00:52

Հայդարաբադ քաղաքից յոթնամյա ալպինիստ Սամանյու Փոթուրաջուն բարձրացել է Կիլիմանջարո լեռը, որն ամենաբարձրն է Աֆրիկայում: Ինչպես ապրիլի 16-ին հայտնել է NDTV հեռուստաալիքը, Կիլիմանջարոն մի քանի լեռնագագաթ ունի, բայց Սամանյուն բարձրացել է դրանցից ամենաբարձրը՝ Ուհուրո լեռնագագաթը, որի բարձրությունը ծովի մակերեւույթի նկատմամբ 5895 մետր է։

Ինչպես ճշտել է հեռուստաալիքը, վերելքն սկսվել է մարտի 29-ին եւ ավարտվել ապրիլի 2-ին, դրանից հետո պատանի մարզիկը վերադարձել է Հնդկաստան: Նա լեռան կատար է բարձրացել իր երկրի ազգային դրոշով, որը կանգնեցրել է լեռնագագաթին: «Օրն անձրեւոտ էր: Ես մի փոքր վախենում էի, ոտքերս ցավում էին, հանգստանալու համար կանգ առա կես ճանապարհին, բայց հետո հասա մինչեւ գագաթ»,- պատմել է ալպինիստը:

«Ինձ դուր է գալիս, երբ շատ ձյուն կա: Ուստի ես որոշեցի մեկնել Կիլիմանջարո լեռ»,- հավելել է Սամանյուն: Լեռ բարձրանալիս տղային ուղեկցել են նրա մայրը, ինչպես նաեւ մարզիչը ու եւս մեկ ալպինիստ: Այժմ Սամանյու Փոթուրաջուն մտադիր է մեկնել Ավստրալիա, որպեսզի բարձրանա այս մայր ցամաքի ամենաբարձր լեռնագագաթը՝ Կոցյուշկո լեռը:

Ինչպես լրագրողներին հայտնել է տղայի մայրը, Սամանյուն երազում է համաշխարհային ռեկորդ սահմանել այն լեռնագագաթների թվով, որոնք նվաճել է իր տարիքի երեխան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168
17-04-2018 00:52