«Երևի թե Սերժ Սարգսյանի ու իր կողմնակիցների համար դա նույնիսկ լավ է, քանի որ ողջ աշխարհին ակնհայտ ժողովրդավարություն են ցուցադրում». Գրիգորի Տրոֆիմչուկ

168
17-04-2018 00:01

168.am-ի զրուցակիցն է անվտանգության և քաղաքական հարցերով մասնագիտացած ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը

– Պարոն Տրոֆիմչուկ, մարտի 31-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քայլերթ սկսեց Գյումրի քաղաքից դեպի Երևան՝ ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության: Ապրիլի 16-ին նա անցում կատարեց ակտիվ գործողությունների՝ արգելափակելով քաղաքային տրանսպորտի աշխատանքը, նախատեսելով ԱԺ շենքի մուտքի արգելափակում, որը հանգեցրեց ՀՀ Ոստիկանության հետ բախման: Ինչպե՞ս եք գնահատում այս իրադարձությունները: Ի ՞նչ արդյունքների կարող են հանգեցնել այս գործողությունները:

– Ինչպես հայտնի է, հայկական ընդդիմության գլխավոր խնդիրն այն է, որ ընդդիմության շարքերում չկան հզոր առաջնորդներ: Հակառակ դեպքում ընդդիմությունն արդեն հասած կլիներ իր նպատակներին, քանի որ հայաստանյան հասարակության և բնակչության վերաբերմունքն իշխանության նկատմամբ չի կարելի համարել, մեղմ ասած, չափազանց հարգալից: Պարզապես հասարակությունը դեռ չի տեսնում այն ֆիգուրներին, որոնք կարող էին ինչ-որ բանի լրջորեն հավակնել:

Այսօրվա բողոքի ցույցերը, ամենայն հավանականությամբ, ինչ-որ առումով նախորդից ավելի մարդաշատ էին կամ ընդհակառակը՝ այդ բոլոր ցույցերը կառուցվում են և ընթանում համարյա նույն սցենարով: Փաշինյանին և իր աջակիցներին չհաջողվեց խուսափել Ոստիկանության հետ բախումներից, թեև նա ձգտում էր մնալ խաղաղ ձևաչափում:

Ամեն դեպքում, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը հասարակության մտածելակերպի և իշխանության նկատմամբ իր վերաբերմունքի առումով ակնհայտորեն տարբերվում է Ռուսաստանից, Ղազախստանից կամ Բելառուսից, պետք չէ անլուրջ վերաբերվել Հայաստանում մոտ ապագայում հնարավոր քաղաքական իրադարձությունների հեռանկարին:

Աշխարհաքաղաքականությունն իր բացասական ազդեցությամբ շարունակելու է ճնշել Հայաստանին ավելի ու ավելի ուժեղ, և այդ իրավիճակը հրահրելու է նոր բողոքի ակցիաներ: Ուստի ՀՀԿ-ն չպետք է բավարարվի այն փաստով, որ մոտավորապես իրագործել է` պլյուս-մինուս, իշխանության փոխանցման նույն սցենարը, որը տեղի է ունեցել իմ կողմից նշված երկրներում:

Նկատելի է նաև մեկ այլ փաստ, որ ընդդիմությունը սկսել է իր քայլերթը Գյումրիից, որտեղ, ինչպես գիտեք, տեղակայված է ռուսական ռազմաբազան: Կարծում եմ` դա պատահականություն չէ:

– Ի՞նչ եք կարծում` իշխող կուսակցության ծրագրերը չե՞ն փոխվի:

– Իշխող կուսակցությունը դեռ չի տեսնում իր համար խնդիրներ, քանի որ Հայաստանը սովոր է մասսայական հանրահավաքների, որոնք չեն համարվում ինչ-որ արտակարգ երևույթ: Երևի թե Սերժ Սարգսյանի ու իր կողմնակիցների համար դա նույնիսկ լավ է, քանի որ ողջ աշխարհին ակնհայտ ժողովրդավարություն են ցուցադրում, երբ յուրաքանչյուրը կարող է իր կարծիքն արտահայտել: Եթե ընդդիմությունը ցանկանում էր Սարգսյանի և ՀՀԿ-ի համար լուրջ խնդիրներ ստեղծել, ապա պետք էր այդ խնդիրները ստեղծել ավելի վաղ, երբ օրենքներ էին ընդունվում իշխանության կառուցվածքի վերաբերյալ: Իսկ ներկայումս իշխող կուսակցության համար ամեն բան ավելի հեշտ է:

– Ինչպիսի՞ն է ՌԴ իշխանությունների դիրքորոշումն այս զարգացումների վերաբերյալ:

– Մոսկվայում Հայաստանի ընթացիկ իրադարձություններին մեծ ուշադրություն չեն հատկացնում, բացառությամբ փորձագիտական հանրության մի մասի, որը միշտ տեղյակ է հայաստանյան թեմատիկայից: Ռուսաստանյան տեղեկատվական դաշտում այս թեման չկա: Մեծ հաշվով, Մոսկվան այն գծի կողմնակիցն է, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, նկատի ունենալով Սերժ Սարգսյանի և իշխանության այլ ներկայացուցիչների կողմից իշխանական լծակների պահպանումը:

Հայաստանի ներքաղաքական կյանքում ցանկացած կտրուկ փոփոխություն ավտոմատ կերպով կանդրադառնա ստրատեգիական խնդիրների ողջ համակարգի վրա` Հայաստանում Արևմուտքի ազդեցության ընդլայնում, փոփոխություն ԵՄ-ԵԱՏՄ դաշտում, այսինքն՝ Ռուսաստանին մոտ անկայունության մեկ այլ օջախի թեժացում:

Մոսկվային ձեռնտու է այս երկրում համակարգային անվտանգությունը, այդ թվում՝ ուղիղ կերպով Գյումրիում ՌԴ ռազմական բազայի հետ կապված, ինչպես արդեն ասացի, որը ոչ մի կերպ չի հեռանում հայաստանյան ընդդիմության տեսադաշտից, և այս ուղղությամբ ճնշումը մշտապես ուժեղանում է: Քանի որ ցանկացած ապակայունացում, նույնիսկ այն դեպքում, երբ ընդդիմադիրները հրապարակային կերպով հայտարարեն, որ նրանք բացարձակ դեմ չեն Ռուսաստանին, կարող է ցնցել ամեն ինչ:

168
17-04-2018 00:01