«Հարգում ենք Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային, բայց մեր ծրագրերը Հայաստանում ավելի ծավալուն են». Պյոտր Սվիտալսկի

168
20-03-2018 17:37

«Առաջընթացի բնույթն այնպիսին է, որ յուրաքանչյուր սերունդ միշտ պետք է փորձի ինչ-որ բան այլ կերպ անել, դրանով է, որ մենք կարող ենք առաջ գնալ: Հայաստանում երիտասարդները մեծ մարտահրավերների առաջ են կանգնած։ Պետք է համարձակ կարողանաք ձեր երկիրն այլ մակարդակի բարձրացնել»,- այսօր «ԵՄ-ն հանուն երիտասարդության» ԵՄ նոր նախաձեռնության ներքո իրականացվող չորս նոր ծրագրի հրապարակման արարողության ժամանակ այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Դիմելով միջոցառմանը ներկա երիտասարդներին, դեսպանը հետևյալն ասաց. «Ձեր հայրերը ստեղծել են պետություն, ինստիտուտներ, այդ բեռը, որ անցյալից մնացել է, նրանք տարել են առաջ, և ձեր պատասխանտվությունն է  հիմա ավելի լավ ապագա ստեղծել ձեր և ձեր պետության համար, և վերցնելու լավագույն օրինակները այլ մշակույթներից: Դուք մի սերունդ չեք, որը պետք է օգուտ քաղի այն ամենից, ինչ կուտակվել է։ Դուք ունեք մարտահրավերներ, ԵՄ-ն հավատում է հայ երիտասարդներին, և դուք ունեք այդ առավելությունը, դուք ունեք հարուստ քաղաքակրթություն, բոլոր ոլորտներից հայտնի անձինք, դուք պետք է կարողանաք այդ քաղաքակրթությունը առաջ տանել ու ներկայացնել աշխարհին: Դա շատ կարևոր փորձառություն է»։

Դեսպանը նկատեց՝ հայերը շատ տաղանդավոր են, ունեն բարձր IQ. «Օրերս վարչապետի հետ էինք խոսում, թե ինչքան բարձր է ձեր IQ-ն, ինչքան տաղանդավոր երիտասարդներ ունեք։ Մեր աջակցությունն է՝ լավ կրթության հնարավորություններ ստեղծել երիտասարդների համար համալսարաններում, երկրորդական դպրոցներում։ Ի՞նչն է որոշիչ դառնում հաջողության համար կյանքում՝ կրթությունը, նույնիսկ, եթե ունեք բնականորեն բարձր ինտելեկտ, դա բավարար չէ։ Պետք է լավ կրթություն, լավ դպրոց, առանց կոռուպցիոն դրսևորումների: Մենք մեծ ներդրումներ ենք անելու երկու կրթական ծրագրերում»։

Պյոտր Սվիտալսկին նշեց, որ աշխատանքի բացակայության խնդիրը երիտասարդների շրջանում բավականին բարձր է, կազմում է մոտ 30 տոկոս. «Երիտասարդներն ավարտում են դպրոցներն ու բուհերը, և լավ աշխատանքը մեծ կարևորություն ունի, որը բավարարում է իրենց ձգտումները, այն կրթությանը, որ նրանք ստացել են: Առանց ՓՄՁ-ների աջակցության ու այլ ծրագրերի՝ չենք կարող շարունակել: Երիտասարդ հայերը պետք է կարողանան գիտակցել, որ ելք կա: Այն անձինք, ովքեր անհամաձայնության մեջ են միջավայրի հետ, ունեն 3 տարբերակ՝ կամ համաձայնել, կամ բարձրաձայնել իրենց անհամաձայնությունը, կամ գնալ ու լքել: Մենք չենք ցանկանում, որ լքելու տարբերակը ընտրեն: Հայերը շատ հաջողակ են այլ երկրներում կարիերայի հարցում, բայց նրանք իրենց բավարարվածությունը պետք է գտնեն այս գեղեցիկ երկրում: Սա այն է, որ փորձում ենք անել»։

Դեսպանն ասաց, որ արդեն ընտրվել է 4 ծրագիր երիտասարդների համար, որոնց մեջ շատ մեծ պոտենցիալ և ստեղծարարություն կա. «Սա վկայությունն է նրա, որ շատ մեծ տաղանդ, ներուժ կա ստեղծարարության, և մենք՝ որպես ԵՄ պատվիրակություն, հպարտ ենք դրա համար: Հարգում ենք Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային, բայց մեր ծրագրերը Հայաստանում ավելի ծավալուն են։ Հուսանք, որ այս ծրագրերը լավ կիրականացվեն»։

Մեկնարկած ծրագրերը կնպաստեն հայաստանցի երիտասարդների, հատկապես՝ սահմանափակ հնարավորություններով երիտասարդների համար լրացուցիչ վերապատրաստումների, կարողությունների և հմտությունների զարգացման, պրակտիկայի և աշխատանքին զուգահեռ ուսուցման հնարավորություններին։ Ծրագրերը հիմնականում կգործեն Երևանից դուրս գտնվող փոքր քաղաքներում՝ խթանելու հասարակական կյանքում երիտասարդների ակտիվ մասնակցությունը, կրթություն ստանալու և աշխատելու հնարավորությունները, ինչպես նաև կտրամադրեն ձեռնարկատիրության վերաբերյալ համապարփակ գիտելիքներ։ Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 1.9 միլիոն եվրո։

168
20-03-2018 17:37