Մանկապարտեզների թվի կեսի չափով օպտիմալացում մարզերում

vk
18-11-2017 00:00

Ըստ Հրապարակ օրաթերթի. «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը շաբաթներ առաջ հանձնարարական էր տվել մարզպետներին՝ մանկապարտեզների օպտիմալացման առաջարկով դիմել համայնքապետարաններին, որոնց ենթակայության տակ են գտնվում նախադպրոցական հաստատությունները:

Ըստ Լոքյանի ներկայացրած հայեցակարգի՝ նախատեսվում է մարզային մանկապարտեզների թվի մոտ 50 տոկոս կրճատում: Սակայն «Հրապարակին» տեղեկություններ էին հասել, որ մարզերում սվիններով են ընդունել Լոքյանի հանձնարարականը, քանի որ մանկապարտեզի երեխաների դեպքում տեղափոխման և այլ հարցերի հետ կապված լուրջ խնդիր կարող է առաջանալ օպտիմալացման դեպքում։

Երեկ նախարարը վստահեցրել է, որ ի սկզբանե ոչ թե մանկապարտեզների օպտիմալացման խնդիր է դրված եղել, այլ ղեկավար կազմի։ «Մենք առաջարկել ենք ոչ թե մանկապարտեզներ փակել, այլ խոշոր քաղաքներում նույն համայնքում եթե կան երեք մանկապարտեզներ, որոնք ունեն երեք տնօրեն, երեք հաշվապահ, տնտեսվար, թողնենք մեկը, դրանք ունենան մեկ ղեկավար, մեկ հաշվապահ և այլն։ Այսինքն՝ անցնեն օպտիմալ կառավարման ձևին, ընդհանուր գնում անեն, ֆինանսական ծախսերի օպտիմալացման գնան»,- ասել է նախարարը։

Լրագրողի հարցին, թե ավելի ճիշտ չի՞ լինի մանկապարտեզների ղեկավար կազմն օպտիմալացնելուց առաջ նախևառաջ օպտիմալացնել կառավարման համակարգը՝ նախարարների, մարզպետների խորհրդական-օգնականների պորտաբույծ ինստիտուտը։ «Շատ ճիշտ է»,- ասել է Լոքյանն ու շտապ իրեն գցել ԱԺ նիստերի դահլիճ»։

Ամբողջական հոդվածը՝ «Հրապարակ» օրաթերթում։

vk
18-11-2017 00:00